Այս հրապարակում գտնվող յուրաքանչյուր ոք գիտե, որ մեր վերջնական նպատակը ազատ եւ երջանիկ Հայաստանն է: Այսօր` մայիսի 31-ին Ազատության հրապարակում հանրահավաքում հայտարարել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, օրերս բանտից ազատված Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն անգամ սակայն «պայքար պայքար մինչեւ վերջ» վանկարկելով մենք նկատի ենք ունենում այն հանգրվանային կետերը, որոնց նվաճումով մոտենում ենք մեր վերջնական հաղթանակին: Մի դեպքում դա Ազատության հրապարակի նվաճումն էր:
Այսօր մենք ստեղծել ենք քաղաքական մի նոր իրավիճակ, եւ այսօր ոչ միայն քաղբանտարկյալների ազատ արձակումն ենք տոնում, այլ ի լուր աշխարհի հայտարարում ենք որ մենք սկսում ենք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ սկսելու գործընթաց, եւ ունենք համապատասան կամք դրան հասնելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով, գործող վարչախմբի ներկայացուցիչներն ավելի ու ավելի շատ են խոսում այն մասին, թե Հայաստանում արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան, սակայն նրանց փաստարկումները մերկապարանոց են:
«Հայաստանի իշխանությունները զուրկ են վստահության նվազագույն մակարդակից: Հայաստանի քաղաքացուն զրկել է սեփական երկրում ապագա ունենալու հնարավորությունից: Արտահերթ ընտրությունները միակ միջոցն են, որ հնարավորություն կտան վերականգնել քաղաքացու վստահությունը սեփական ուժերի, սեփական պետության նկատմամբ:
Արտահերթ ընտրությունները ոչ թե ինչ-որ ուժի քմահաճույք է, այլ կենսական անհրաժեշտություն: Յուրաքանչյուրս պետք է անի ամեն ինչ Հայաստանը ավազակապետության զազրելի ճիրաններից ազատելու համար»,- ընդգծել է նախկին քաղբանտարկյալը:











Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























