Թեհրանում կայացել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես հայտնում է իրանական Press TV-ն, Ահմադինեժադը նկատել է, թե երկու երկրներին կապում են պատմական եւ մշակութային ընդհանրությունները, հայտարարել տարածաշրջանում խնդիրները փոխհամաձայնությամբ լուծելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, Իրանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Իր հերթին Հայաստանի նախարարը նշել է, թե երկկողմ հարաբերություններում առաջընթացը խոստումնալից է,եւ հավելել է, որ համատեղ նախագծերի իրականաումը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար:

Նշենք, որ Մահմուդ Ահմադինեժադը հունիսի 6-ին պաշտոնական այցով կժամանի Երեւան: