Էլեկտրոնային կառավարություն յուրաքանչյուր երկրում առանձին ստեղծում ենք, բայց որպեսզի համագործակցենք` հարկավոր է վստահության միջավայր` էլեկտրոնային ստորագրությունների համակարգերի կիրարկում, որը ճանաչելի կլինի բոլոր երկրներում: Այսօր` հունիսի 1-ին Երեւանում մեկնարկած Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շոգոլեւը:

Նրա խոսքով` համագործակցության հաջորդ փուլն անցումն է «անդրսահմանային փոխգործակցության», որը կարեւոր է նաեւ էլեկտրոնային առեւտրի, էեկտրոնային տարբեր ծառայությունների համար: «Այդ անցումը դժվար չէ, հարկավոր է միայն պայմանավորվել: Պարզապես քաղաքական կամքի եւ ինժեներական մի քանի լուծումների հարց է»,- ասաց Ի. Շոգուլեւը` տեղեկացնելով, որ այդ հարցերը կքննարկվեն ԿՏՀ վաղվա նիստում: