Վրաստանի իշխանությունները չեն կալանավորում ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» առաջնորդներին, որովհետեւ վախենում են, որ ամբողջ աշխարհում մեծ աղմուկ կբարձրանա, կարծում է «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Ինչպես հաղորդում է GHN-ն, նախքան «Ժողովրդական ժողովի» խորհրդակցական կոմիտեի նիստը, Բուրջանաձեն հայտարարել է, որ եթե իշխանությունների ասածների գոնե մեկ տոկոսը ճիշտ է, ապա իրեն պետք է կալանավորեն:

«Մեր բոլոր կողմնակիցները պատրաստ են անձամբ այցելել ոստիկանություն: Մենք ոչ ոքից չենք թաքնվում: Չկա իրավական հիմք ձերբակալել այն մարդկանց, ում ձերբակալել է իշխանությունը, կամ ում հետախուզում է հայտարարվել»,- ասել է Բուրջանաձեն, չկոնկրետացնելով, թե որտեղ է գտնվում իր ամուսինը` Բադրի Բիցաձեն:

Նրա խոսքով, ինքը չգիտի, թե արդյոք Բիցաձեն լքե՞լ է երկիրը եւ խորհուրդ է տվել լրագրողներին այդ հարցով դիմել ՆԳՆ-ին: