Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀԲ Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն այսօր` մայիսի 1-ին ստորագրել են «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր» 39 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գումարը` որպես ենթավարկ, կտրամադրվի «ԲԷՑ» ՓԲԸ-ին էլեկտրահաղորդման ցանցի հուսալիության բարձրացմանն ու թողունակության մեծացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Ծրագրի «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչով նախատեսվում է փոխել Հրազդան ՋԷԿ-ից դեպի Շինուհայրի ենթակայան ձգվող էլեկտրահաղորդիչ գիծը: Երկրորդ մասը տեխնիկական օժանդակություն է:
Վարկը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ, որի ընթացքում մայր գումարի մարում չի կատարվում: Վարկի տոկոսադրույքը կազմում է` 6-ամսյա ԱՄՆ դոլարի Libor + փոփոխական մարժա: Վարկի սպասարկման գծով վճարվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25 %-ի չափով:




























