Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատավարությունը կսկսվի օգոստոսի 3-ից: Ինչպես հաղորդում է BBC-ն, նախկին նախագահը եւ նրա երկու որդիները դատարանի առաջ կկանգնեն կոռուպցիայի եւ հակակառավարական բողոքի ցույցերը ճնշելու մեղադրանքներով:

Միաժամանակ, հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Մուբարաքի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոցից տեղափոխել բանտ: Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, որոշում է կայացվել նախկին նախագահին թողնել հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Մուբարաքին կալանավորելու որոշումը կայացվել է ապրիլի 13-ին, իսկ դրանից մեկ օր առաջ հարցաքննության ժամանակ նրան սրտի նոպայով տեղափոխել էին Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոց:

Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում, Մուբարաքին մահապատիժ է սպառնում: