Արեւելյան զինվորական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի բնակչությանը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Մեկ օրվա ընթացքում ռուս ռազմաբժիշկներն ընդունել են ավելի քան 40 բնակչի: Խորհրդատվություն, բուժզննում եւ որակավորված բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղակայված որակավորված թերապեւտների, վիրաբույժների եւ այլ նեղ մասնագետների կողմից շրջիկ հոսպիտալում:

«Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարատեսակ քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաեւ սրտանոթային ու էնդոկրին համակարգգի հիվանդությունների սրացման, եւ ատամնաբուժական օգնություն ստանալու հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Բժշկական հատուկ ջոկատի ստորաբաժանման կազմում աշխատում է ավելի քան 60 բժիշկ, որոնց շրջանում կան ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:

Ավելի վաղ բժշկական հատուկ ջոկատի ստորաբաժանումները տեղափոխվել էին Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Խաբարովսկի օդակայանից Երեւան, որից հետո ուղեւորվել դեպի Ստեփանակերտ: