Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ մամուլի ասուլիսում ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք անհրաժեշտ է Ղարաբաղում լուծել:
Լավրովը նշել է, որ վերջերս Երեւանում է եղել ռուսական միջգերատեսչական հանձնաժողովը, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ, պաշտպանության նախարարության, տնտեսական գերատեսչությունների գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարության ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը եւ դրանից բխող խնդիրները:
«Մենք միասնական ենք այն հարցում, որ հայտարարության ստորագրումը բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծում է արդարության հիմքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերի, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շահերի շրջանակում»,- նշել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել փաստացի մեկ ամսվա ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանմամբ, փախստականների վերադարձի գործընթացով, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման եւ անհայտ կորածների որոնումների առաջընթացով:
«Չնայած մենք շահագրգռված ենք, որ այս սուր հումանիտար հարցերը լուծվեն հնարավորինս ավելի արագ: Եվ այս ուղղությամբ մենք մի շարք քայլեր ենք նախանշել»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը բարձր գնահատելու համար:
Լավրովի խոսքով՝ բացի հնչեցված հարցերից, հիմա առաջին պլան են դուրս գալիս նաեւ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնմանը, առողջապահությանը աջակցություն ցույց տալու, նորմալ կյանքի կարգավորման, տրանսպորտային միջանցքների ապաարգելափակման, այս տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման խնդիրները: Այս ամենը պետք է դրական դեր խաղա տնտեսական գործունեության աշխուժացման, ամենօրյա նորմալ կյանքի հաստատման գործում:
Տնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության համակարգի եւ կենսապահովման վերականգնման գործընթացը կնպաստեր հայերի եւ ադրբեջանցիների բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ միջպետական առումով:
«Դա կնպաստեր տարածաշրջանում վստահության մթոնոլորտի եւ համագործակցության ստեղծմանը՝ ի շահ այստեղ բնակվող բոլոր ժողովուրդների եւ այստեղ տեղակայված երկրների: Մենք վստահ ենք, որ տարբեր ազգությունների, կրոնի ներկայացուցիչները, որտեղ էլ որ լինեն, պետք է ապրեն խաղաղության եւ անվտանգության մեջ: Եվ Հարավային Կովկասը հենց այսպիսի մոտեցման է արժանի: Մենք ամեն կերպ առաջ կմղենք»,- նշել է Լավրովը:




























