Դեկտեմբերի 10-11-ը ԵՄ առաջնորդների գագաթաժողովի նախաշեմին Եվրամիության արտգործնախարարները հերթական անգամ գնահատել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հիմքերը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան «չի ենթարկվի սպառնալիքներին ու շանտաժին», եւ կրկին հիշեցրել է մայրցամաքային խութերի ու պոտենցիալ էներգետիկ իրավունքների շուրջ տարաձայնությունները լուծելու համար բանակցություններ վարելու իր կոչը:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը երկուշաբթի օրն ասել է, թե ԵՄ բոլոր երկրները համաձայնել են, որ Թուրքիան չի փոխել արեւելյան Միջերկրական ծովի ջրերի ուսումնասիրման իր քաղաքականությունը:

«Պարզ դարձավ, որ Թուրքիան պետք է պատասխան ստանա»,- հանդիպումը լքելիս ասել է Դենդիասը լրագրողներին՝ հայտարարելով, որ Թուրքիան «շարունակում է իր հանցավոր պահվածքը ... Սա է այն է, ինչ քննարկվելու է Առաջնորդների խորհրդի նիստում»:

«Չափից շատ սադրանքներ են եղել, եւ Թուրքիայի, Կիպրոսի ու Հունաստանի միջեւ լարվածությունը խանգարել է ուղղակի բանակցություններին»,- հանդիպումից առաջ ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

Հոկտեմբերին ԵՄ առաջնորդները Թուրքիային ասել էին, որ դադարեցնի հետազոտել Միջերկրական ծովի արեւելյան ափերի ջրերը կամ կբախվի դրա հետեւանքների հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, որը ներկա չի եղել Բրյուսելի հանդիպմանը, երկուշաբթի Հունաստանին եւ Կիպրոսին ԵՄ «երես առած» անդամներ է անվանել եւ կոչ է արել ԵՄ-ին միջնորդել՝ թույլ չտալով Ֆրանսիային եւ այլ պետություններին Աթենքի կողմն անցնել: