Հայաստանի իշխանությունները չէին գիտակցում սպառնալիքը, որի առջեւ կանգնած էր երկիրը մինչեւ պատերազմը: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ դիվանագիտական ճակատում Հայաստանին չհաջողվեց լավ հարաբերություններ հարթել բոլոր հնարավոր դաշնակիցների հետ:

«Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսել անգամ պետք չէ: Բացի այդ, վատթարացել են Իրանի հետ հարաբերությունները, չկարողացանք ներգրավել Չինաստանին, չհաջողվեց պատշաճ հարաբերություններ հարթել Վրաստանի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանին չհաջողվեց օգտագործել մաքոքային դիվանագիտության հնարավորությունները, որի շրջանակում կարելի էր պաշտպանել սեփական շահերը՝ գտնվելով ուժերի տարբեր բեւեռների միջեւ: