ՀՅԴ խմբակցությունն արձագանքել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի` այսօր հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն արած այն հայտարարությանը, թե իր`ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ բանտարկված դաշնակցականները հանցագործներ էին, և նրանցից շատերն էլ այսօր դեռ բանտում են։
«Պարզվում է, որ ՀԱԿ անդամ, անվանի ՀՀՇ-ական, նախկինում ԿԳԲ-ի պետ Դավիթ Շահնազարյանը ոչ միայն իրենց իշխանության օրոք ձերբակալված դաշնակցականներին քաղբանտարկյալ չի համարում, այլ նաեւ պնդում է, թե իր կողմից ձերբակալվածները մինչեւ հիմա նստած են, քանի որ հանցագործ են: Սա ՀՀՇ-ական դասական սուտ է, քանի որ հենց Դավիթ Շահնազարյանի կողմից ձերբակալվածներից մի քանի հոգի ազատ են արձակվել` նրանց նկատմամբ հորինված մեղադրանքներն անապացույց մնալու պատճառով, իսկ ձերբակալվածներից մեկը` Արտավազդ Մանուկյանը բանտից դուրս չի եկել պարզ պատճառով` Դավիթ Շահնազարյանի ենթակաները սպանել են նրան բանտախցում: ՀԱԿ-ի այսօրվա ղեկավարների «մարդասիրական» պատկերը սա է»,- արձագանքել են դաշնակցականները:
Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Իմ կալանավորած դաշնակցականները բանտում են, Սերժ Սարգսյանի կալանավորածները՝ պառլամենտում»։
Նշենք նաեւ, որ դաշնակցականների դեմ հարուցված քրեական գործերով, իսկապես, դեռ կալանավորվածներ կան, այդ թվում ցմահ բանտարկության: Իսկ 1998 թվականի իշխանափոխությունից հետո ՀՅԴ ղեկավարներից մի քանիսն ազատ են արձակվել «իրավիճակի փոփոխության պատճառով»:



























