«Ավրորա» մրցանակի դափնեկիր, եզդի ակտիվիստ Միրզա Դինային դեկտեմբերի 9-ին կայցելի Արցախ, որպեսզի ծանոթանա ընդհանուր իրավիճակին, ինչպես նաեւ նախագծերին, որոնք այնտեղ իրականացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Հայ լրագրողների հետ զրույցում Դինային նշեց, որ ցանկանում է սեփական նախագիծը սկսել արցախցիներին աջակցություն տրամադրելու հարցով: Նա նշեց, որ ինքը ցանկանում է անել իր ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի օգնի հաղթահարել հետպատերազմյան շրջանը, որն ավելի դժվար է, քան պատերազմը:

«Քանի որ մենք մարդասիրական նախաձեռնություն ենք, մենք փորձում ենք օգնել մարդկանց, ովքեր հայտնվել են մարդասիրական ճգնաժամի իրավիճակում»,-ասաց Դինային: Հայաստան այցի ընթացքում «Ավրորա»-ի դափնեկիրն այցելել է երկու հիվանդանոց, հանդիպել Արցախում վիրավորված զինվորներին: «Մենք վնասվածքների եւ հետտրավմատիկ խանգարումների բուժման մեծ փորձ ունենք, մենք կկարողանանք կենտրոնանալ այդ նախագծերի վրա»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ նախագծեր է ցանկանում իրագործել Արցախին օգնության համար:

NEWS.am-ի հետ զրույցում Դինային նաեւ նշեց, որ աշխարհն այսօր բավարար տեղեկացված չէ Արցախում իրավիճակի մասին. քանի որ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր կորոնավիրուսի պատճառով ճգնաժամի վրա, քչերը գիտեին, թե ինչ է կատարվում Արցախում: Նրա կարծիքով՝ այսօր շատ կարեւոր է մեծացնել այդ առումով իրազեկվածության մակարդակը՝ աշխարհին բացատրելով հակամարտության էությունն ու ուղիներ փնտրելով Արցախում մարդկանց կյանքերը փրկելու եւ այդ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար: