Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, ասել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:

Նշելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարում ԻԻՀ դիրքորոշումն եւ աջակցելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»՝ Ռոհանին գոհունակություն է հայտնել պատերազմի ավարտի եւ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման» ու հրադադարի ռեժիմի սահմանման կապակցությամբ:

Ռոհանին պատրաստակամություն է հայտնել կառուցողական դեր ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման գործում:

Ընդգծելով տնտեսական եւ առեւտրային համագործակցության զարգացման համար Իրանի եւ Ադրբեջանի սահմանների օգտագործման անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահն ասել է. «ԱՄՆ-ում Թրամփի դարաշրջանի ավարտից եւ այդ երկրում նոր իշխանության գալուց հետո մենք զգում ենք, որ երկրներն ավելի լավ պայմաններ կունենան համագործակցության համար»:

Նա նաեւ հայտարարել է «Ադրբեջանի ազատագրած շրջանների վերականգնման» գործում Իրանի մասնակցության պատրաստակամության մասին:

Վկայակոչելով Իրանի եւ Ադրբեջանի միջեւ նախորդ պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագիծը, Իրանի նախագահն ընդգծել է այդ պայմանավորվածությունների իրանացման անհրաժեշտությունը. «Կան պայմաններ համատեղ նախագծերի իրականացման համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության հետ, եւ մենք հույս ունենք օգտագործել հնարավորությունը նոր միջազգային պայմանների ստեղծման ու երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար»: