Իմ հրաժարականը հիմա ժողովրդին դուրս կմղի քաղաքական գործընթացներից եւ իշխանության կբերի նախորդ ռեժիմի ներկայացուցիչներին: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանի հարցին: Մասնավորապես, Մարուքյանը հիշեց, որ Փաշինյանի հրաժարականը պահանջում են նախագահը, խորհրդարանական երկու խմբակցությունները, Գարեգին Բ կաթողիկոսը եւ Արամ Առաջինը, բազմաթիվ համայնքների ղեկավարներ, քաղաքական ուժեր եւ մշակույթի գործիչներ: Այս ֆոնին Մարուքյանը տարակուսում է, թե ինչպիսի ժողովրդական աջակցության մասին կարող է խոսել Փաշինյանը: Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ կարեւոր է հասկանալ՝ իսկ ինչո՞ւ Մարուքյանը եւ մյուս թվարկված ուժերը եւ մարդիկ չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլ հենց վարչապետի հրաժարականը, ինչու են այդ ուժերը, էլիտայի ներկայացուցիչները առաջարկում սցենար, որը «ժողովրդին դուրս կմղի քաղաքական գործընթացներից»:

«Այս ուժերն առաջարկում են անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն: Որպես վարչապետի թեկնածու՝ նրանք առաջարկում են մի մարդու, որը չունի ժողովրդի աջակցությունը, չունի աջակցություն խորհրդարանում: Պայման է դրվում, որ այս թեկնածուն չպետք է մասնակցի ընտրություններին: Հետեւաբար, նման պայմաններում վարչապետ նշանակելը բերում է լեգիտիմության լուրջ ճգնաժամի»,- նշեց Փաշինյանը: Վարչապետը վստահ է, որ իր հրաժարականի դեպքում իշխանությունը կփոխանցվի այն ուժերին, որոնք այժմ առաջարկում են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Փաշինյանը կարծում է, որ նման սցենարի համաձայն` մեկ տարվա ընթացքում «ընտրակեղծիքների» բոլոր մեխանիզմները կվերականգնվեն: Կառավարության ղեկավարը ընդգծեց նաեւ, որ ժողովուրդը դեռ հնարավորություն կունենա տալ իր գնահատականը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: