Ստորագրված եռակողմ հայտարարությանը Ղարաբաղի վերաբերյալ որեւէ լրացուցիչ փաստաթուղթ, որեւէ հավելված գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: «Եվ կան որոշ անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացի ժամանակ»,- նշեց նա: Փաշինյանը նաեւ հավաստիացրեց, որ այս պահին բանակցային սեղանի վրա չկա ոչ մի թուղթ, այնուամենայնիվ, շատ նրբություններ պետք է հստակեցվեն: Անդրադառնալով գերիների ու մահացածների մարմինների փոխանակման խնդրին՝ Փաշինյանն ասաց, որ ամենօրյա աշխատանք է տարվում:

Ցավոք, այս աշխատանքը դեռ ավարտին չի հասցվել, բայց իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի դա հնարավորինս շուտ տեղի ունենա: