Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա են եղել նաեւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
Արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների եւ ընդհանուր արժեհամակարգի վրա:
«Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը եւ դրա հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձեւը՝ որպես կարեւոր հանգրվան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր է գնահատել պատերազմի առաջին օրվանից Ֆրանսիայի եւ ֆրանսիական ժողովրդի համերաշխությունն Արցախին եւ հայ ժողովրդին:
Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հասցեագրման հրատապությանը՝ նախարար Այվազյանն ընդգծել է տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումը, արցախահայության իրավունքների եւ շահերի վերականգնումը եւ պաշտպանությունը: Երկուստեք ընդգծվել է նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը:











