Արեւմուտքի կողմից արվող տարբեր հայտարարություններում նախազգուշացումներն ուղղված են հիմնականում Բաքվին, սակայն նաեւ Հայաստանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով The New York Times-ում վերջերս տպագրված խմբագրականը, ըստ որի ԼՂ խնդրի կարգավորման շուրջ իրավիճակը դանդաղ, բայց հետեւողականորեն վտանգավոր զարգացում է ստանում:
Հովհաննիսյանի խոսքով, հրապարակումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններն, ըստ էության, հասցեագրված են Ադրբեջանին եւ զգուշացնում են նրան պատերազմ չսկսել: Միաժամանակ, նույն խմբագրականում փորձ է արվում շոյել Ադրբեջանին, իբր, «նա հեշտությամբ կարող է այդ տարածքներից հեռացնել հայկական ուժերին, բայց Ռուսաստանը կարող է իր բանակն ուղարկել Հայաստանին օգնության»:
Սակայն այդ «շոյանքի» տակ հստակ երեւում է նախազգուշացումը, որ պատերազմի վերսկսման դեպքում Բաքվին լուրջ խնդիրներ են սպասվում:
Փորձագետը նշել է, որ Արեւմուտքը հոգնել է Ադրբեջանին հիշեցնել, որ իր տնտեսությունը փուչիկ է, որը ջրի երեսին է մնում արեւմտյան ներդրումների հաշվին:
Միաժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ այդ հայտարարություններն ուղղված են նաեւ Հայաստանին, որպեսզի վերջինս առարկայական փոխզիջումների գնա:




























