Թուրքիան գտնվում է կատարելագործված մահապարտ-դրոնների մշակման գործընթացում, գրում է Փոլ Իդդոնը Forbes-ում:
Նրա խոսքով, այս անօդաչու թռչող սարքերը կարող են նույնականացնել թիրախները՝ օգտագործելով դեմքի ճանաչման համակարգեր եւ պայթեցնելով ոչ մեծ լիցքեր։ Միեւնույն ժամանակ, դրանք կարող են մահացու երամներ կազմել եւ ինքնավար աշխատել:
Նոր տեխնոլոգիաները «հավանաբար, մոտ ապագայում կհանգեցնեն օդից ավելի շատ սպանությունների այս անկայուն տարածաշրջանում»,- կարծում է հեղինակը:
Նրա խոսքով՝ Թուրքիան միայն վերջերս է սկսել ցույց տալ անօդաչու թռչող սարքերի միջոցով նպատակային սպանությունների իր հնարավորությունները։ Նա հիշեցնում է Զակի Շինգալիի կամ Քրդական աշխատավորական կուսակցության բարձրաստիճան անդամ Իսմայիլ Օզդենի մահը: Թուրքական F-16 կործանիչներն ու զինված անօդաչու թռչող սարքերը Իրաքում թիրախավորել են Շինգալիի ավտոշարասյունը եւ, ի վերջո, սպանել նրան: Դրան հաջորդել են ՔԱԿ անդամների այլ աղմկահարույց սպանություններ:





























