«Եվրատեսիլի» հաղթողների հետ շփումը տպավորություն է թողնում, որ նրանք ոչ թե երգի մրցույթում են հաղթել, այլ Նոբելյան մրցանակ են ստացել` 10 տարի բանտում նստելուց, հազարավոր կյանքեր փրկելուց ու բռնապետությունը տապալելուց հետո: Այս մասին գրում է KyivPost-ն իր «Եվրատեսիլ». Ամեն փայլող բան դեռ ոսկի չէ» վերտառությամբ հոդվածում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ «Եվրատեսիլի» շուրջ աժիոտաժը սկսում է մարել, բայց ոչ ադրբեջանցիների համար: «Եվրատեսիլի» ադբեջանցի հաղթողները ուկրաինական ռադիոյին հարցազրույց են տվել, որի մասին էլ գրում է KyivPost-ը:

«Այս հաղթանակը չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք: Մենք հիմա բռնել ենք հաջողության թռչունի պոչը, սակայն գլխավորը այն բաց չթողնելն է: Դա անհամեմատ դժվար է: Հիմա պետք է կրկնակի անգամ ավելի ինտենսիվ աշխատել, կրկնակի անգամ ավելի լավ, որ մենք ավելի ու ավելի շատ լսարան հավաքենք: Մեզ շատերն են սիրել եւ հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է «Եվրատեսիլ-2011»-ի հաղթող զույգից 21-ամյա Էլդար Գասիմովը:

Երիտասարդ երգիչը թվարկել է այն երկրները, որտեղ իրենք արդեն երկրպագուներ ունեն, իսկ դա եւ Ավստրալիան է, եւ Ինդոնեզիան, նաեւ «Մալթայում մեզ շատ սիրում են»: Հաղթողները հայտարարել են, որ բոլորին հրավիրում են մասնակցելու Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին», այդ թվում նաեւ Հայաստանին, ում հետ Ադրբեջանը երկարատեւ հակամարտության մեջ է:

Այնպես որ, հնարավոր է, կա շանս, որ այս երգի մրցույթը խաղաղության հիմք կստեղծի: Եվ այդ դեպքում նրանց հաղթանակն, իսկապես, իր նշանակությամբ, կհավասարվի Նոբելյան մրցանակի»,- գրում է պարբերականը: