Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է  Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարը եւ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետեւանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին:

Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով գոյացած հումանիտար ճգնաժամը եւ դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունն է  հրավիրել պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։

Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային եւ հստակ դիրքորոշման համար։