Շիրակի մարզի անասնաբույժները շուրջ 5 ամիս է` աշխատավարձ չեն ստացել: Սամվել Մկրտչյանը, ով 40 տարի աշխատում է, որպես անասնաբույժ, արդեն 5-րդ ամիսն է, սպասում է աշխատավարձի:
«Անասնաբույժներին սովորաբար աշխատավարձ են տալիս եռամսյակը մեկ, մարտին պիտի ստանայինք աշխատավարձ, բայց գյուղնախարարը եկավ խոստացավ, որ ապրիլին ստանալու ենք: Հիմա մայիսն էլ դուրս եկանք, աշխատավարձ չկա»,-դժգոհել է անասնաբույժը:
Անասնաբույժ Սուսաննա Ամիրխանյանի դժգոհություններին գյուղնախարարությունից պատասխանել են, որ աշխատավարձերը փոխանցված է, միայն թե գումարների հատկացումը ձգձգվում է գործընթացների ուշացման պատճառով: Խոսքն այն մասին է, որ Անասնաբուժական վարչությունը Շիրակի մարզում լուծարված է եւ անասնաբույժները պայմանագիր են կապելու արդեն գյուղապետարանների հետ, գյուղապետարաններն էլ գյուղնախարարության:
«Երբ գյուղնախարարը եկավ էլի այս հարցը Ազատանում ժողովի ժամանակ ես բարձրացրի, ասեց` կառուցվածքային փոփոխություններն են աշխատավարձերի ուշացման պատճառը ու խոստացավ, որ մեկ շաբաթ հետո կստանանք: Այդ մեկ շաբաթից արդեն 1 ամիս անցել է, փող չկա»,-ասել է Սուսաննա Ամիրխանյանը:
Անասնաբույժները մտադիր են դադարեցնել իրենց գործունեությունն այնքան ժամանակ, մինչեւ աշխատավարձ կստանան: Ներկայումս համայնքներում ընթանում է անասնագլխաքանակի հաշվառում, իսկ մինչեւ այս ամսվա վերջ, անասունների ողջ գլխաքանակը պետք է 8 հիվանդությունների դեմ պատվաստվի: Իսկ նոր անասնաբուժական կենտրոն մարզում դեռեւս չի կազմավորվել:
Ներկայումս կենտրոնը սպասարկում է միայն գյուղական համայնքների բնակիչներին: Առայժմ անհայտ է, թե որ կառույցն է իրականացելու սննդի անվտանգության եւ անասնաբուժության մարզային կենտրոնի գործառույթները:




























