Տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման առումով առավել հեռանկարային ուղղությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է: Այս մասին դեկտեմբերի 10-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ ռուս մասնագետների օժանդակությամբ անցկացվել է սահմանամերձ տեղամասերի զննում: 

Զախարովան հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկի համաձայն՝ տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների տրանսպորտային միջոցների եւ բեռնափոխադրումների երթեւեկության անխոչընդոտ կազմակերպման նպատակով:

«Տրանսպորտաային հաղորդակցության վերահսկումն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Պայմանավորվել է, որ կողմերի համաձայնությամբ ապահովվելու է նոր տրանսպորտային հաղորդուղիների կառուցում, որոնք Նախիջեւանը կապելու են Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Տնտեսական կապերի ապաշրջափակումը եւ նոր հաղորդուղիների կառուցումը երկարատեւ գործընթաց է: Գլխավոր հարցերը լուծելու են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, որոնք, որքանով ինձ հայտնի է, հետհակամարտային փուլում առաջացած խնդիրների արձագանքման հատուկ մեխանիզմ են ստեղծել»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: