Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են 80 հեկտարից ավելի տարածք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4 577 պայթյունավտանգ առարկա, հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր ականազերծել են ավելի քան 80 հա տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 շինություն եւ 6 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4 577 պայթյունավտանգ առարկա:

Մեկ օրում ականազերծվել է Ստեփանակերտ-Շուշի ուղղությամբ ճանապարհին եւ Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի շրջանում գազատարի երկայնքով տեղանքը: Դրանից բացի, քաղաքի օդանավակայանի շրջաններից մեկի ականազերծման համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր, որի կիրառումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը եւ մեծացնում աշխատանքների արտադրողականությունը:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցույց է տրվում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները: Ռուս խաղաղապահների օժանդակությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսականորեն կարեւոր ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Մեկ օրում վերականգնվել է 2 հենասյուն, 1 կմ էլեկտրահաղորդման գիծ եւ Լիսագոր բնակավայրի շրջանում 1,2 կմ գազատարի տեղամաս: