Նյու Յորքում վերսկսվել է կոնֆլիկտը ինտերնետում ամենահայտնի սոցիալական ցանցի` Facebook-ի սեփականության իրավունքի համար: Facebook-ի հիմնադիր եւ նրա միակ սեփականատեր Մարկ Ցուկերբերգի իրավուքնները վիճարկում է Նյու Յորք նահանգի բնակիչ ոմն Փոլ Սեգլիան, ով այս տարվա ապրիլին այդ հարցով հայց է ներկայացրել Բուֆալո քաղաքի դատարան:

Հունիսի 2-ին Ցուկերբերգը հանդես է եկել պատասխան հայցով` պահանջելով անմիջապես ոչնչացնել կեղծ պայմանագրերն ու էլեկտրոնային նամակները, որոնք Սեգլիան ներկայացնում է որպես ապացույց:

Բացի այդ, Ցուկերբերգը խնդրում է իրավապահ մարմիններին մանրամասն ստուգել իր դեմ հայց ներկայացրած անձի համակարգչի բովանդակությունը: Միլիարդատերի խոսքով, ինքը պատրաստ է երդվել, որ ցանկացած փաստաթուղթ եւ վկայություն, որոնք իբր  ապացուցում են Փոլ Սեգլիայի իրավունքները Facebook-ի նկատմամբ, անհրաժեշտ է գնահատել որպես կեղծ:

Փոլ Սեգլիայի իրավաբաններն իրենց հերթին արդեն հայտարարել են, որ իրենց հաճախորդը «համաձայն չէ պատասխան հայցում ներկայացված դիրքորոշման հետ, քանի որ հայցվորը, ամենայն հավանականությամբ, չի ծանոթացել այդ հարցով իրական պայմանագրի եւ այլ ապացույցների հետ»: