Հայաստանը երկար տարիներ մասնակցում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը, որի խորհրդարանական պատվիրակության նախագահը ես եմ: Հայաստաանն այս կազմակերպության համահիմնադիրն է, եւ դրա մեջ ընդգրկված են Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Վրաստանը, Ռուսաստանը ու մեծ թվով այլ երկրներ: Այս մասին դեկտեմբերի 11-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, նույն քաղաքական թիմի անդամ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին առնչվող լրագրողների հարցերին:

Այսպես՝ լրագրողը նախ անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը պլատֆորմի ձեւավորման մասին, որին կմասնակցեն Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը եւ ցանկության դեպքում անգամ Հայաստանը: «Վերջին օրերին հատկապես Անդրանիկ Քոչարյանը խոսում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական համագործակցության մասին: Կցանկանայի հասկանալ՝ դա նրա անձնակա՞ն կարծիքն ու դիրքորոշումն է, թե՞ ներկայացնում է իշխող «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշումը: Իշխող դաշինքն ունի՞ այդպիսի դիրքորոշում»,- հետաքրքրվեց լրագրողը:

Թունյանը անորոշ նշեց, որ գլոբալ տեսանկյունից Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով, եւ եթե այդ շահերից բխում է, որ պետք է մասնակցի ինչ-որ պլատֆորմի, ապա պետք է մասնակցի, իսկ եթե ոչ, ապա ոչ:

«Իսկ դուք դա իրատեսակա՞ն եք համարում»,- նրա հետեւից հասնելով հարցրեց լրագրողը:

Ի պատասխան Թունյանը նշեց, որ ամեն ինչ իր ժամանակին՝ առաջարկելով չշտապել եւ սպասել, մինչ այդ ժամանակը կգա: «Եթե այդ հարցով քննարկումների անհրաժեշտություն առաջանա, ապա մենք կքննարկենք եւ կներկայացնենք մեր դիրքորոշումը: Այս պահին ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- ամփոփեց իշխող ուժի պատգամավորը: