Միացյալ Նահանգները համարում են, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի ճնշումն Իրանի նկատմամբ ուրանի հարստացման մակարդակի մասին օրինագծի պատճառով, ուրբաթ հայտարարել է Մայք Պոմպեոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ Թեհրանի համագործակցության կրճատումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ կամ մինչեւ 20 տոկոսով հարստացման որոշումը «մոտեցնում է Իրանին միջուկային զենք ստանալու հնարավորությանը»:

«Միջազգային հանրությունը չպետք է պարգեւատրի Իրանի վտանգավոր խաղը տնտեսական հանդարտեցմամբ: Եթե ռեժիմը հետաքրքրված է պատժամիջոցների մեղմման եւ տնտեսական հնարավորությունների մեջ, ապա անհրաժեշտ է ցուցադրել լուրջ տրամադրվածություն իր  վարքը փոխելու հարցում՝ դադարեցնելով միջուկային կեղծիքը,-նշված է տեքստում:-Անհրաժեշտ է պայմանավորվել համապարփակ գործողությունների մասին, որոնք կկարգավորեն բալիստիկ հրթիռների հարցը, կկայունացնեն տարածաշրջանում Իրանի գործունեությունը»:

Պոմպեոյի խոսքով՝ միջազգային հանրությունը պարզ հասկացրել է, որ Իրանը պետք է լիարժեք համագործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ առանց հապաղելու: «Դա ընդունելու անկարողության համար անհրաժեշտ է պատասխանել ոչ թե միջազգային հանրության կողմից զիջումներով, այլ դիվանագիտական եւ տնտեսական ճնշման մեծացման, մեկուսացման միջոցով»,-պնդել է պետքարտուղարը:

Դեկտեմբերի 2-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է ավելի վաղ Մեջլիսի ընդունած օրինագիծը, որը պարտավորեցնում է կառավարությանը մեծացնել ուրանի հարստացման մակարդակը: Խորհրդարանը երկու ամիս է տվել կառավարությանը ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրությունը կատարելու մերժման համար, եթե միջուկային գործարքի մյուս մասնակիցները չվերադառնան իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը: Օրենսդիրների կարծիքով՝ նախագծում ներկայացված միջոցները կօգնեն չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: