Շվեյցարիայի հայ համայնքի քահանա Տեր Աբել Մանուկյանը իրեն կարգալույծ հռչակելու կապակցությամբ հանդես է եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակով։
«Ոչ ձեզնից կարգ ստանալն է պատիվ, եւ ոչ էլ կարգալույծ լինելը` անպատվություն: Դուք կկարծեք, թե կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ այն ձեր ամենամեծ տկարությունն է: Նկատի ունենալով, որ կարգալուծման սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական, կարգապահական ոչ մի հիմք չունի եւ ընդհակառակը, արդյունք է ընդամենը կաթողիկոսի վստահված իշխանության չարաշահումի, այս որոշումը հայտարարում եմ անարդար, անընդունելի եւ ապօրեն»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գարեգին Բ-ն հունիսի 1-ին կարգալույծ է հռչակել Տ. Աբել քահանա Մանուկյանին: Մայր Աթոռից հայյտնել են, որ պատճառը քահանայի կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքն է` «ի հետեւումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության»: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան:




























