Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը առաջին անգամ խախտվել է՝ ռազմական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության շաբաթ օրը հրապարակված տեղեկագրում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտարկման 23 կետերից ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում իրավիճակի վերաբերյալ եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք»,- ասվում է տեղեկագրում:

Շաբաթ օրը, ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դեկտեմբերի 12-ին Ղարաբաղի հարավում Հին Թաղլար եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին: