Մեծ թվով իրանցիներ են հավաքվել Արեւելյան Ադրբեջանի Թաֆրիզ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության մոտ՝ Բաքվում անցկացվող զորահանդեսի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների դեմ բողոքելու համար, հայտնում է Fars-ը:
Բողոքի ցույցի մասնակիցներն ունեցել են պաստառներ, որոնց կարգախոսները դատապարտել են Էրդողանի հայտարարություններն ու մեղադրել են Իսրայելին մահմեդական պետությունների միջեւ տարաձայնություններ սերմանելու փորձերի մեջ:
Ցույցի ժամանակ իրանցիները Էրդողանին հիշեցրել են 2016-ին նրա դեմ իրականացված հեղաշրջումը, որը ձախողվել էր՝ Էրդողանին Իրանի կողմից ցուցաբերված աջակցության շնորհիվ, եւ կոչ են արել թուրք պաշտոնյաներին «հետեւել իրենց խոսքերին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ օրը կանչել էր Անկարայում Իրանի դեսպանին:
Ըստ նրա տվյալների՝ իրանցի դիվանագետին փոխանցվել է Անկարայի արձագանքը՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «անհիմն մեղադրանքներին»:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը կանչել էր Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ կապված Բաքվում թուրքական հանրապետության նախագահի հայտարարության հետ: Նրան ասել էին, որ «տարածքային պահանջների եւ ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ հետեւում է մնացել»:
Հինգշաբթի օրը Էրդողանը, ելույթ ունենալով Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված Բաքվի զորահանդեսում, արտասանել էր Արազ գետը հիշատակող բանաստեղծության տողերը: Խոսքը այն մասին էր, որ «գետը ուժով բաժանվել է» երկրների միջեւ:





























