Հաջորդ հարցը, որը հրատապ լուծում է պահանջում, Սյունիքի մարզի հատվածում ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանային գծերի ճշգրտումն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս թեմային անդրադարձել եմ ԱԽ նիստում: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի եւ Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին ցավոք դրանց 90 տոկոսից ավելին եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանագծերի ճշգրտում, ինչը  շաբաթների ընթացքում պետք է իրականացվի: Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, եւ այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որեւէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են եւ կմնան անձեռնմխելի: Այսինքն ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»,-ասաց ննա:

Փաշինյանի խոքով՝ այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով:

«Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ: Դրանց մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Մեկ օրինակ բերեմ, առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ:

Իհարկե, Հայաստանի, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, բայց դա պետք է կառավարել սառնասիրտ կերպով՝ մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչը մենք անում ենք»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ շատ հաճախ թշնամական եւ հայաստանյան որոշ ուժերի կողմից տարվող քարոզչության դրույթները նույնական են, ինչը նկատելի է երկար ամիսներ։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկարատեւ դադարից հետո ժամանել են տարածաշրջան. Մինսկի խմբի ձեւաչափում բանակցությունների վերականգնումը ճանապարհային քարտեզի առաջին կետն էր: 

«Տասնյակ հազարավոր արդեն վերադարձել են իրենց բնակավայրեր, իրականացվում են բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրեր, նրանց օր առաջ բնականոն կյանքի վերադարձնելու համար:

Ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ մեր աշխատանքները ամբողջ թափով շարունակվելու են»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ տեղեկատվական անվտանգության խնդրին՝ նշելով. «Այս օրերին բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք նաեւ տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ. Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ ՀՀ ժողովրդի դեմ:

Տարածվում են ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություններ, որոնց նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի  զգացումը խորացնելը, խուճապ ստեղծելն է: Պարզ է, որ դրությունը բարդ է, բայց նաեւ այս գիտակցությամբ եմ ասում, որ մեր  առաջնային խնդիրը Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւԱրցախի շուրջ կայունության եւ անվտանգության հաստատումն է եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ:Ես խնդիր եմ առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունն ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահգություններին եւ ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները: Այս առումով ուզում եմ ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են եւ դրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է պարզպատճառով. Քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որեւէ իրավիճակ,  պաշտոնական տեղեկությունները կարող ենն եգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Այս առումով շատ կարեւոր է, որ հանրությունը եւս կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդուհանդերձ կան տեղեկություններ, որոնց ստահոդ լինելը պետք է ակնհայտ լինի ի սկզբանե. «Բանը հասել է այնտեղ, որ առանց բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե ասենք, կառավարությունը Սեւանը կամ Ջերմուկը կամ Սյունիքը զիջել է Ադրբեջանին: Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է եւ այստեղ հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու»: