Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց եւ Շիրակի թեմերի Եկեղեցասեր երիտասարդաց միությունները հանդիպում են ունեցել հունիսի 1-ին` Վանաձորում:
Գուգարաց թեմի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել «Ի սեր Աստծո, ի սեր հայրենիքի» վերտառությամբ եւ «Սուր եւ խաչ» խորագրված միջոցառումը: Գյումրեցի երիտասարդները ներկայացրել են հայ հոգեւոր, ժողովրդական երգեր, եղել են դուդուկով կատարումներ, իսկ վանաձորցիները «Մայիսյան հերոսամարտերի» մանրամասներով ներկայացրել են հայրենասիրական, ռազմական երգեր, պատմել դրվագներ հերոսամարտից: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Գուգարաց թեմի մանկական երգչախումբը:
Հնչել են կատարումներ Մակար Եկմալյանի, Կոմիտասի մշակումներից:
Միջոցառման ավարտին երկու թիմերն էլ պարգեւատրվել են պատվոգրով, որ հանձնել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:




























