Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին դիմել է մանիֆեստով՝ կապված հետպատերազմյա շրջանում Արցախի մշակութային հուշարձանների պահպանության հետ: Ակադեմիկոսն առաջարկում է պատմամշակութային ժառանգության վիճակի գնահատման մոնիթորինգ կազմակերպել: «Պետք է հուշարձաններին սպառնող «ցաոտ կետեր» գտնել եւ շատ խոսել ու գրել այդ մասին: Պետք է ուշադրության կենտրոնում պահել Դադիվանքի եւ Գանձասարի վանքերը, ուշադիր լինել Ղարաբաղում մզկիթների հանդեպ: Եվ առանց էմոցիաների պատմել, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում այդ հուշարձանների հետ»,-ասել է նա «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:
Պիոտրովսկին կարծիք է հայտնել, որ գործընթացը վերահսկել կարող են Ռուսաստանի քաղաքական ուժերը, կովկասյան եւ մերձկովկասյան երկրները: Սակայն կարեւոր է նաեւ միջազգային մշակութային ինստիտուտների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Թանգարանների միջազգային խորհրդի, Մշակութային ժառանգության պահպանման եւ ռեստավրացիայի միջազգային հետազոտական կենտրոնի ուշադրությունը:
«Ես գրել եմ նաեւ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամին (WMF), որում հարց եմ ուղղել, թե ինչպես եւ ինչ է հնարավոր անել Կովկասում»,-նշել է Էրմիտաժի տնօրենը:
Պիոտրովսկին հավելել է, որ ռիսկի գոտում են հատկապես գերեզմանները եւ հնագույն բնակավայրերի պեղումների վայրերը:




























