Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը ՀԱԿ-ի հանարհավաքի ժամանակ գտնվել է հարթակում` կազմակերպիչների հետ, որպեսզի ավելի լավ տեսադաշտ ունենա: Այս մասին այսօր` հունիսի 3-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեսպանը: Նրա խոսքով` ցանկացած դիվանագիտական ներկայացուցչության գործունեության մեջ է մտնում հետեւել տվյալ պետությունում ընթացող կարեւոր իրադարձություններին: Հանս-Յոխեն Շմիդտը նշեց, որ իր մասնակցությունը բոլորովին չի նշանակում իրեն նույնականացնել ՀԱԿ-ի հետ, քանի որ ինքը չեզոք է:
Դեսպանը նաեւ նշեց, որ ինքը հաճախ է մասնակցում տարբեր միջոցառումների, այդ թվում` ՀԱԿ-ի հանրահավաքներին, պարզապես այս անգամ հայտնվել է տեսախցիկի առաջ: Ընդ որում` նրա մասնակցությունը որեւէ կերպ չի հակասում դիվանագիտական գործունեության վարքականոնին, այլ բխում է հենց դրանից:
Հիշեցնենք, որ այսօր «Երկիր» օրաթերթը գրել է, որ «արմատական» ընդդիմության հանրահավաքներին ոչ միայն պարտաճանաչ մասնակցող, այլեւ կազմակերպիչների հետ հարթակ բարձրացող Գերմանիայի դեսպանը, խախտելով դիվանագիտական էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին. ավելին, հստակ դիրքորոշվել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` հօգուտ վերջինի:
Թերթի համոզմամբ, եթե Գերմանիայի դեսպանը որեւէ այլ երկրում, ասենք` Ֆրանսիայում, նման վարքագիծ դրսեւորեր, անհապաղ դրան կանդրադառնային ոչ միայն ֆրանսիական լրատվամիջոցներն ու իշխանությունները, այլեւ իր երկրի կառավարությունը: Սակայն, քանի որ Հայաստանի բազմազբաղ արտգործնախարարը եւ նրա գերատեսչությունն անտեղյակ են, կամ անտեղյակ են ձեւանում դեսպանի «գործունեությանը», մենք պարտավորվում ենք ոչ միայն դեսպանատնից, այլեւ Գերմանիայի ԱԳՆ-ից պարզաբանումներ ստանալ, թե որքանով է դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը այս հարցում արտահայտում այդ երկրի դիրքորոշումը, եւ արդյոք նրա վարքագիծը համապատասխանում է այդ դասի դիվանագետի վարքագծի կանոններին:




























