2018 թ․ գերեվարված, Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը, որ 44 գերիների շարքում Հայաստան է վերադարձվել, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա հայրը՝ Արմեն Ղազարյանը։
«Հիվանդանոցում է, երեկվանից բուժումները սկսել են, բայց չի շփվում դեռեւս։ Ճանաչում է բոլորին, բայց շփում չկա, տեսանելի վնասվածքներ չունի»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն է խնամում որդուն։
Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանը գերեվարվել էր 2018 թվականի հուլիսի 15-ին։ Նրան Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքով 2019 թ. փետրվարի 27-ին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։
Գերեվարության ընթացքում նրա հայրը ահազանգել էր, որ որդու առողջական վիճակը լավ չէ, ոչ մեկի հետ չի շփվում, չի խոսում։





























