Թուրքիան եւ Իրանը լարվածության նոր մակարդակի են հասել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո, ում Իրանը մեղադրում է իր տարածքային ամբողջականության խաթարման մեջ, գրում է Ahval-ը:

Պարբերականը նշում է Էրդողանի ներկայությունն անցյալ շաբաթ Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթին, որի ընթացքում վերջինս մի հատված մեջբերեց բանաստեղծությունից, որը կատաղեցրեց Իրանի իշխանություններին:

Հոդվածի հեղինակը մեջբերում է նաեւ Թուրքիայի նախագահի հայտարարության կապակցությամբ Իրանի պաշտոնատար անձանց կողմից հնչեցված խիստ քննադատությունը, ինչպես նաեւ` վրդովված արձագանքների հետագա փոխանակումը երկու երկրների միջեւ:

«Մի քանի շաբաթվա ընթացքում հաղորդումներ էին ստացվում նաեւ Իրանի երդվյալ թշնամու` Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ կապերի հաստատման մասին: Հաղորդվում էր, որ վերջերս թուրք պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարել իրենց իսրայելցի գործընկերների հետ` փորձելով վերականգնել խզված հարաբերությունները: Իսրայելը, ինչպես եւ Թուրքիան, նույնպես աջակցեց Ադրբեջանին ռազմական արտահանման միջոցով` չնայած որոշակի հակադարձ արձագանքներին: Սակայն պատերազմը Լեռնային Ղարաբաղում, հատկապես` Թուրքիայի երկաթյա աջակցությունն Ադրբեջանին, անորոշության ամենամեծ աղբյուրն է: Վերջին մարտերը Թեհրանում մտավախություններ առաջացրին առ այն, որ անջատողական տրամադրությունները կարմատավորվեն երկրի հյուսիս-արեւելքում գտնվող շատ մեծ ադրբեջանական փոքրամասնության շրջանում` հենց Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:

Պաշտոնապես Իրանը հստակ հայտարարեց իր չեզոք դիրքորաշման մասին հակամարտությունում եւ արագորեն ընդունեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի գործարքը: Սակայն Ադրբեջանի արշավը ոգեշնչեց էթնիկ ադրբեջանցիներին, ովքեր բողոքի ցույցեր սկսեցին Իրանի մի քանի քաղաքներում, որտեղ ցուցարարները բացականչում էին` «Ղարաբաղը մերն է»: Ադրբեջանցիների գերակշռող թվով նահանգների չորս իմամներն այնքան հեռու գնացին, որ հոկտեմբերի 1-ին հանդես են եկան համատեղ հայտարարությամբ` աջակցություն ցույց տալով Բաքվի ռազմական արշավին», - գրում է հոդվածի հեղինակ Նիկոլաս Մորգանը:

«Իրանի առաջնորդները, այդ թվում` գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին, Լեռնային Ղարաբաղը որպես օկուպացված տարածք ճանաչեցին, սակայն Բաքվի հաղթանակը Թուրքիայի աջակցությամբ մեծացրեց մտավախությունները պանթյուրքիզմի տարածման կապակցությամբ` գաղափարախոսություն, որը կոչ է անում միավորել աշխարհի թյուրքական ժողովուրդներին:

 


Ադրբեջանական փոքրամասնությունը թվով գերազանցում է Ադրբեջանի ամբողջ բնակչությանը, եւ նախկին ղեկավարները, հատկապես` երկրի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, 1990-ականների սկզբին սիրախաղում էին իրանական շրջաններ գրավման իրենդենտիստական ​​նկրտումների հետ, որտեղ գերակշռում է ադրբեջանական բնակչությունը: Թուրքիան նույնպես միշտ պատմական մրցակից է եղել տարածաշրջանում, եւ նախագահ Էրդողանի իշխող կոալիցիան մասամբ ապավինում է արատավոր թյուրքական ազգայնականության ձեւին»,- նշվում է հոդվածում: