Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն կանգնեցնի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, հաղորդում է Reuters-ը:

Տեսաուղերձի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ պատժամիջոցները «դրսեւորում են ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հանդեպ, սակայն այդ խնդիրները կհաղթահարվեն»:  

Ռուսաստանի նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները սկսվել են 2019-ի հուլիսի կեսերին, ինչը ճգնաժամ առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջեց հրաժարվել գործարքից եւ դրա փոխարեն գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել` CAATSA-ի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի) համաձայն:  Անկարան հրաժարվեց զիջումների գնալ եւ շարունակեց բանակցությունները Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: