Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին անվանել է ահաբեկիչ եւ նշել, որ իսլամական հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ոմանք ասում են, թե մենք ոգեւորված ենք [ԱՄՆ-ում] Ջոզեֆ Բայդենի իշխանության գալով: Դա այդպես չէ, բայց մենք շատ երջանիկ ենք, որ Թրամփը հեռացել է,- հայտարարել է նա: - Նա մարդ է, որը հանցագործություններ է կատարել, մարդկանց է սպանել եւ ահաբեկիչ է եղել, եւ նույնիսկ խոչընդոտում է [Իրան] պատվաստանյութի [ներմուծմանը]»: Իրանի նախագահի ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ:
Ռոհանին հույս է հայտնել, որ «Բայդենի օգտին ԱՄՆ ժողովրդի ձայնը օրենքների պահպանմանը տրված ձայն է, այլ ոչ թե դրանց խախտմանը»: «Դրանք ձայներ են պարտավորությունների կատարման օգտին՝ դրանցից հրաժարվելու փոխարեն»,- նշել է նա:
Դեկտեմբերի 14-ին Ընտրիչների կոլեգիան հաստատել է ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Բայդենը կդառնա պետության նոր ղեկավարը: Դեմոկրատին աջակցել են 306 ընտրիչներ, իսկ գործող նախագահ հանրապետական Թրամփին՝ 232: ԱՄՆ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանա 270 ձայն:





























