Չեմ կարծում, որ պետք է բացահայտեմ մանրամասները, թե ինչու էր այդպես ձեւավորվել ռուսական պատվիրակությունը: Եղել են պատճառներ, եւ դավադրություն պետք չէ փնտրել: Այդ մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով տարածաշրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ընթացքում ռուս համանախագահ Իգոր Պոպովի բացակայության պատճառների մասին հարցին:
«Ռուսական կողմը ներկայացվել է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ադրբեջանում: Մի փնտրեք այդտեղ ինչ-որ խորին քաղաքական ենթատեքստ»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին եւ ԱՄՆ-ի համանախագահ Էնդրյու Շոֆերն այցելել էին Բաքու դեկտեմբերի 12-13-ին եւ Երեւան դեկտեմբերի 13-14-ին: Այցելելու անհնարինության պատճառով ռուս համանախագահ Իգոր Պոպովին ներկայացրել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչերնիկովը, իսկ Երեւանում՝ Ռուսաստանի գործերի հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:




























