Այժմ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաեւ մյուս միջազգային կազմակերությունները, զբաղվում են տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության իրավիճակին առնչվող հարցերով իրենց իրավասության շրջանակում եւ, գլխավորը՝ մայրաքաղաքների հետ աշխատանքը համադրելով: Այդ մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ միջազգային կառույցների գործունեությունը չպետք է իրականացվի անմիջապես այն պետությունների հետ փոխգործունեությունից անջատ, որոնց վերաբերում է խոսքը:

«Այդտեղ չարժե խոսել պատասխանատվության գոտու մասին, ավելի համապատասխան են հենց գործունեության ոլորտ, ֆունկցիոնալ բառերը: Հաշվի առնելով հայտարարության մասշտաբը, որն արվել էր նոյեմբերի 9-ին երեք պետությունների առաջնորդների կողմից՝ ներկայում տեղի է ունենում, մի կողմից, այդ հայտարարության իրականացման, մյուս կողմից՝ բոլոր այն միջազգային կառույցների կարգավորման գործընթացը, որոնք պետք է լուծեն հարցերն իրենց իսկ լիազորությունների եւ իրավասությունների շրջանակում: Շատ բարդ փուլ է այժմ: Ժամանակ է պետք, որ բոլոր այդ գործընթացները ինստիտուցիոնալացվեն եւ համաձայնեցվեն: Այժմ հենց դրանով են բոլորը զբաղված»,-ընդգծել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ խնդիրները, որոնց այժմ բախվել է տարածաշրջանը, բազմաթիվ են, եւ այսօրվա դրությամբ ընթանում է յուրաքանչյուր ուղղությամբ կարգավորման կամ ենթակարգավորման այդ գործընթացը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաեւ ուրիշ միջազգային կառույցները եւ միջնորդական կազմակերպությունները ներկայում զբաղված են ուղղությունների ու քայլերի մշակմամբ, եւ կարող են իրենց դերն ունենալ իրավիճակի ամբողջական կարգավորման հարցում»,-հավելել է Զախարովան: