Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ստուգումներ է իրականցրել պանրի շուկայում, ամփոփել արդյունքները եւ ներկայացրել կառավարությանը: Այս մասին այսօր` հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց այդ ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը:

«Նորից հայտնաբերվել են որոշակի խախտումներ, հիմնականում տեխնիկական կանոնակարգի խախտումներ էին, կան սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված խնդիրներ: Պանրի շուկայում հայտնաբերված խախտումները չեն հանգեցնի գործունեության կասեցմանը»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը` չնշելով, թե կոնկրետ որ խանութներում են հայտնաբերել խախտումներ, որ ընկերություններն են խախտումներ թույլ տվել:

Խոշոր տնտեսվարողներին` մասնավորապես` «Աշտարակ կաթ» ընկերությանը ստուգելու հետ կապված, Գրիգոր Գրիգորյանն ասաց. «Ժամանակ տվեք, դուք ուզում եք, որ տասը տարի չկատարվածը կատարվի 10 օրում, ամեն ինչ մենք նախատեսել ենք իր հերթին»,- ասաց նա` նշելով, որ մեզ ռեվոլյուցիա պետք չէ, էվոլյուցիա է պետք:

Նշենք, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը սննդի անվտանգության վարչության հետ հետազոտություններ է կատարել պանրի արտադրության ոլորտում եւ հայտնաբերել լրջագույն խնդիրներ։ «Մենք պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի լավագույն ստանդարտներին, որպեսզի սննդամթերքի համար բացվեն եվրոպական շուկաների ճանապարհները։

Անհրաժեշտություն կա, որպեսզի 6 ամիս անց մենք եւս մեկ անգամ կրկնենք այս գործառույթը եւ տեսնենք, թե վերացվե՞լ են, թե` ոչ նախորդ ստուգումներով բացահայտված խախտումները, թերությունները, որովհետեւ այն փաստերը, որ արձանագրվել էին, խիստ վտանգավոր էին եւ մտահոգիչ»,- նշել էր վարչապետը։