«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 5 կետից բաղկացած անհետաձգելի օրակարգ՝ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գոյության համար։
«Հայաստանում կատարյալ անիշխանություն է: Շարունակել այսպես ապրել անհնար է եւ անընդունելի։ Օրեցօր մեծանում է այն վտանգների թիվը, որ կախված է հայ ժողովրդի գլխին։ Անելանելի թվացող այս իրավիճակը պահանջում է կոնկրետ քայլերի հաջորդականություն, որպեսզի նորից կարողանանք ոտքի կանգնել, դիմակայել թշնամուն, երկիրը զարգացման ուղու վրա դնել եւ վերականգնել ազգային ու պետական անվտանգային համակարգը: Հետեւաբար, ես նշում եմ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գոյության համար 5 կետից բաղկացած անհետաձգելի օրակարգ, որոնցով պետք է առաջնորդվեն քաղաքական եւ պետական այրերը։ Ամենակարեւորն է՝ բոլոր գործողությունները անել զուգահեռաբար․
1. Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
2. Ռազմագերիների եւ մեր՝ թշնամու շրջափակման մեջ գտնվող կամավորականների վերադարձ ամենասեղմ ժամկետներում։
3. «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հաշվին եղած միջոցներով տասը հազարից ավելի վիրավորների բուժման, անհրաժեշտության դեպքում՝ արտասահմանում վիրահատությունների կազմակերպում, իսկ հաշմանդամներին՝ բարեկեցիկ կյանքով եւ աշխատանքով ապահովում։
4․ Սահմանների հստակեցում՝ հայաստանյան կողմի ակտիվ մասնակցությամբ։
5․ Նոր որակական անցումային կառավարության ձեւավորում՝ բաղկացած մեծամասամբ նոր ու պրոֆեսիոնալ կադրերից։
Ուշքի՛ եկեք, մենք Հայրենիք ու ժողովուրդ ենք կորցնում»,- գրել է նա։





























