Իմ նկատմամբ ներկայացված մեղադրանքը քաղաքական պատվերի շրջանակում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։

«ավում եմ, որ իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ նմանատիպ հոդվածներով ողողել են ամբողջ իրավական դաշտը։ Վերջին 2,5 տարվա ընթացքում տեսնում ենք բազում քրեական գործեր, երբ ներկայացնում են, որ ինչ-որ մեկն ուզում է իրացնել Ազգային ժողովի կամ Կառավարության իրավասությունը։ Քրեական գործի հիմնավորումն այն է, որ ես նոյեմբերի 9-ից 10-ի գիշերվա մեր ժողովրդի ցասումը կամ բողոքի ակցիան կազմակերպվել եմ ես»,- նշեց նախկին նախարարը։

Հարցին՝ ինչո՞ւ էր ինքն այդ օրը Կառավարության բակում, Այվազյանն ասաց. «Իսկ որտե՞ղ պետք է լինեի։ Ես եղել եմ Կառավարության տարածքում։ Հայ նորմալ քաղաքացին երբ տեսնում է, այդքան հաղթանակներից հետո տարածքներ են հանձնվում, հանձնվում են անգամ Հայաստանի տարածքից…։ Հիմա տեսնում ենք օրական կորուստներ են կրում՝ թե տարածքային, թե մարդկային, բարոյականի մասին՝ չխոսեմ»։

Ըստ Վարդան Այվազյանի՝ անընդհատ նախկինների կոռուպցիայից խոսելով՝ ներկայիս իշխանությունները միայն շոու են ապահովել. «Կոռուպցիոն դրսեւորումների մասին են խոսում, մենք պահուստային ֆոնդում չկան այդ միլիարդավոր գումարները, որոնց մասին խոսում էին։ Ասում են՝ 20-30 միլիոնի կարգի ինչ-որ գումար կա այդ աղմկահարույց գործերում, բայց իրենց կոռուպցիոն դրսեւորումները որ ես ներկայացնեմ… այսօրվա բյուջեն նայեք։ Միայն 100 միլիոն դոլարի կարգի նորից պարգեւավճարներ կան, մոտ 20-30 միլիոն դոլարի ճանապարհաշինարարական խորհրդատվություն ունեն»։

Նա նշեց, որ տնտեսությունը գտնվում է խորը կոլապսի մեջ. «Ցավով պետք է արձանագրեմ, որ տարեսկզբին կարող է ունենանք բացի առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճներ, այլ ծայրահեղ աղքատության շեմը կբարձրանա 40-50 տոկոսի շրջանակներում։ Այն դեպքում երբ մարդիկ 2 տարվա ընթացքում 1,6 միլիարդ դոլարի արտաքին պարտքի բեռն են ավելացրել։ Դոլարի կտրուկ աճ ունենք։ Շուտով կունենանք էներգակիրների գների ավելացում, հոսանքը կթանկանա։ Վատագույն երազը, որը կարող էր մարդը պատկերացնել, այս մղձավանջից շատ անգամ ավելի լավ է։  Մենք հիմա գնում ենք ուղիղ անդունդ»։