Իրանը հակահրթիռային պաշտպանության համալիրներով շրջափակելու կոչն ավելի շատ բառախաղ է, քան` քաղաքական քայլ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայտնի ռուսաստանցի իրանագետ Կարինե Գեւորգյանը, մեկնաբանելով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի վերջերս արած հայտարարությունը:

Փորձագետի խոսքով, տվյալ կոչի իրատեսական կլիներ, եթե Թուրքիայի կողմից նույնպես համապատասխան հայտարարություն լիներ: Սակայն, որքան հայտնի է, ՆԱՏՕ-ի ձեւաչափով մի քանի խորհրդակցությունների ժամանակ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է, որ չի մասնակցի Իրանի դեմ ակցիաներին:

«Իսկ առանց Թուրքիայի համաձայնության ինչպե՞ս կարող են շրջափակել Իրանը հակահրթիռային պաշտպանության համալիրներով»,- նշել է Կարինե Գեւորգյանը, հիշեցնելով, որ Իրանի մնացած հարեւանները նույնպես դժվար թե ցանկանան մասնակցել դրան: Ընդ որում Իսրայելը մենակ չի կարող դա իրականացնել, իսկ ԱՄՆ-ը եթե ցանկանար, ինքն էլ հենց այդպիսի հայտարարություն կաներ:

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կոչ է արել շրջափակել Իրանը հակահրթիռային պաշտպանության համալիրներով: Նրա խոսքով, դա կարող են իրականացնել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ նրա դաշնակիցները: