Իրանից բխող անկայունությունը Հարավային Կովկասում անպայման այս կամ այն չափով կանդրադառնա Հայաստանի վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, դիտարկելով տարածաշրջանում շիկացած իրավիճակի ձեւավորման հնարավոր տարբերակներ: Նրա խոսքով` Հայաստանը զուտ օբյեկտիվ պատճառներով կախման մեջ է Իրանից, եւ այդ երկրի հետ կապված ցանկացած զարգացումներն ազդում են նրա հարեւանների վրա:
«Մերձավոր Արեւելքն անկայուն գոտի է: Իրանի հակադրությունները Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ աստիճանաբար թեժացնում են իրավիճակը, հատկապես հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիայի հետ կան մի շարք չլուծված խնդիրներ. Մինչդեռ, Իրանի բուն ազդեցությունը Հայաստանի վրա ավելանալու է եւ դրա համար կան բավականին ծանրակշիռ պատճառներ. Հայաստանը փոքր, տնտեսապես շատ խոցելի երկիր է, որն ունի ընդամենը 4 հարեւան, որոնցից մեկի հետ նա հակամարտում է (Ադրբեջան), մյուսի հետ բավականին անորոշ հարաբերություններ են (Թուրքիա)»,- ընդգծել է փորձագետը, առաջարկելով մի պահ պատկերացնել` ինչ կլինի, եթե Պարսից ծոցում պատերազմ սկսվի:
Սատանովսկիի կարծիքով, այդ դեպքում իրանցի փախստականները չեն գնա ո’չ Իրաք, ո’չ էլ Աֆղանստան, այնտեղ նրանց համար «բոլոր ճանապարհները փակ են», եւ կմնան միայն Հայաստանն ու Ադրբեջանը, առավել եւս, որ իրանական վերնախավն արդեն բավականին մեծ ունեցվածք ունի Հայաստանում: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այդ երկրում երկրների միջեւ ընտրություն կատարելիս, Իրանը խաղադրույք կկատարի Հայաստանի վրա:
«Այդ վերջնական վեկտորի ձեւավորման վրա ազդել են մի շարք գործոններ, որոնց շարքում են, օրինակ, ադրբեջանական հասարակության կրոնական բաղադրիչը: Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, այնտեղ ապրում են սունիներ, մինչդեռ Իրանը հավակնում է Ադրբեջանում հաստատել իսլամի շիա ուղղվածությունը որպես գերիշխող, իսկ դա արդեն բախում է: Չի կարելի մոռանալ Կասպից ծովի բաժանման մասին, այստեղ նույնպես այդ երկու երկրների միջեւ ամեն ինչ չէ, որ հարթ է: Իսկ Հայաստանն ավանադական քրիստոնյա պետություն է, որը չունի ելք դեպի Կասպից ծով», - նշեց նա:
Եզրափակելով` Սատանովսկին նշեց, որ այնուամենայնիվ Հայաստանն ունի խոշոր համայնքներ Մերձավոր Արեւելքի երկներում, այդ թվում` Իրանում: «Հայաստանն ամենաքիչը կտուժի, քան կարող էր վատագույն սցենարով: Այդ բոլոր համայնքներն ունեն իրենց շահերը: Երեւանը հնարավորություն ունի զբաղեցնել առավել հավասարակշռված դիրք, որը հնարավորություն կտա վարել սեփական քաղաքականությունը տարածաշրջանում, դառնալով ուրիշների աչքի փուշը, քանի որ եթե դու վարում ես քո քաղաքականությունը, բոլորը սկսում են քեզ չսիրել», - ասաց Սատանովսկին:




























