Գյումրիում այսօր` հունիսի 3-ին ժամը  16:30-ի սահմաններում Երեւանյան խճուղու մերձակայքում հրազենից արձակված կրակոցներից մահացել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ 47-ամյա Սենիկ Մկրտչյանը: Նա Ախուրյանի «Կուլակավան» կոչվող թաղամասի բնակիչ էր, իսկ Գյումրիում հայտնի «հեղինակություններից» էր: Սենիկ Մկրտչյանը նաեւ «Եվրո» տաքսի ծառայության սեփականատերն էր:

Սպանության վերաբերյալ Գյումրիում շրջանառվող մի քանի վարկած կա: Խոսակցություններից մեկի համաձայն Ս.Մկրտչյանի մեքենայում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ թաղամասում լսվել են կրակոցներ եւ վերջինս մահացել է գլխից ստացած կրակոցից:

Մեկ այլ շրջանառվող վարկածի համաձայն` տեղի ունեցածն ինքնասպանություն է, որից առաջ Սենիկ Մկրտչյանը Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում  հրազենով սպանել է իր ընկերուհուն` 27-ամյա Մայա Մկրտչյանին` կրակելով նախ նրա ձեռքին, ապա գլխին: Ընկերուհուն սպանելուց հետո  Սենիկ Մկրտչյանն ուղեւորվել է Գյումրի եւ ճանապարհին` Երեւանյան խճուղու մոտակայքում`«Մեծ անիվ» ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում ինքնասպանություն է գործել: Ի դեպ, այն հրազենը, որից կատարվել  է սպանությունը, ընկած է եղել մեքենայի կողքին:

Սպանվածների դիերը տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Դեպքի վայրում Գյումրիի ոստիկանությունը տեղազննություն է իրականացնում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի