ՌԴ ՊՆ Միջազգային հակատականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Ականազերծման աշխատանքներին մասնակցող զինծառայողներմ ապահովված են սակրավորի ժամանակակից պաշտպանական համազգեստով, զինված են պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից համակարգերով՝ ԻՄՊ-Ս2 ականաորոնիչներ եւ ԻՆՎՈւ-3Մ որոնիչներ։ Ինժեներական հետախուզության ընթացքում օգտագործվում են ական որոնող հատուկ վարժեցված շներ:
«Մեկ օրում ինժեներական հետախուզություն եւ տարածքի ականազերծում է կատարվել Ստեփանակերտում։ Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ ոչնչացման համար դուրս է բերվել 1334 պայթյունավտանգ առարկա:
Նոյեմբերի 23-ից ականազերծման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 195 հա տարածք, մոտ 87 կմ ավտոճանապարհ, 423 բնակելի կառույց, հայտնաբերվել եւ ոչնչացվել է ավելի քան 73 500 պայթյունավտանգ առարկա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու չպայթած զինամթերքը դուրս է բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքները, որոնք անհնար է տարհանել, ոչնչացվում են տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ:





























