Հայ–ադրբեջանական միջպետական սահմանի Սյունիքի հատվածում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ Մոսկվա այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից։

 «Պաշտպանության նախարարը որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրել, Մոսկվայում ձեռք է բերել պայմանավորվածություն Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ, ինչը էապես կբարձրացնի սահմանների անվտանգությունը։ Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել սահմանազատմանն առնչվող որևէ փաստաթուղթ»,-հայտնեցին ՊՆ-ից։

ՊՆ-ից նաև հերքեցին տեղեկությունները, թե Սյունիքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ՝ ընդգծելով, որ խոսքը միայն սահմանապահների մասին է։

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանն ասել էր, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում  ռուս խաղաղապահներ են տեղակայվել՝  ճանապարհի անվտանգությունն ուղղակի վերահսկելու համար։