Պակիստանը Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ է սկսել արտահանձնման մասին համաձայնագրի ստորագրման շուրջ՝ նպատակ ունենալով հայրենիք վերադարձնել երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին, որը բնակվում է Լոնդոնում: Այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Շիբլի Ֆարազը:

«Մենք մտադիր ենք հասնելու Շարիֆի արտահանձնմանը, ում Պակիստանի Գերագույն դատարանը մեղադրել է արդարադատությունից եւ կոռուպցիոն գործունեության համար պատժից թաքնվելու մեջ»,- այսօր Ֆարազի հայտարարությունից մեջբերում է կատարել The Nation պարբերականը:

Նա շեշտել է, որ բրիտանական իշխանությունները չպետք է թույլ տան դատապարտված հանցագործներին, ինչպիսին Շարիֆն է, մնալ Մեծ Բրիտանիայում: «Մենք փորձել ենք եւ շարունակելու ենք Շարիֆի արտահանձնմանը հասնելու փորձերը»,- ասել է պակիստանցի նախարարը:

Ներկայումս Պակիստանը Մեծ Բրիտանիայի հետ քրեական հանցագործներին արտահանձնելու մասին պայմանագիր չունի:

Պակիստանի «Մահմեդական լիգա» կուսակցության առաջնորդ Նավազ Շարիֆը երեք անգամ եղել է Պակիստանի վարչապետը: 2017 թվականին երկրի Գերագույն դատարանը նրան հեռացրել է պաշտոնից կոռուպցիայի մեղադրանքով: Մեկ տարի անց Շարիֆը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման կոռուպցիոն հանցագործությունների համար: 2019 թվականի նոյեմբերին Պակիստանի իշխանությունները առողջության վատթարացման պատճառով նրան ժամանակավորապես ազատ են արձակել գրավի դիմաց եւ թույլատրել մեկ ամիս բուժում ստանալ արտասահմանում: Արտասահմանում մնալու ժամկետը լրանալուց հետո Շարիֆը հրաժարվել է վերադառնալ հայրենիք, ներկայումս նա բնակվում է Լոնդոնում: