Նիկոլ Փաշինյանը սգո օրը նույնպես վերածեց շոուի, որում մարդկանց քանակ ապահովելու համար պետական ապարատի տարբեր մարմիններ երկու օր աշխատում էին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը նույնպես օգտագործեց իր քաղաքական շահերի համար։ Նա պղծեց «Եռաբլուրը»։ Նա կրկին երկիրը տանում է ցնցումների հանուն իր իշխանության աթոռի։ Բոլորին արդեն ակնհայտ է, որ այս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, քան մեր երկրի ներքին կայունությունը։ Երկու օր ամբողջ պետական ապարատը լծված է Նիկոլ Փաշինյանի այսօրվա շոուի համար մարդ ապահովելով։ Այդ նույն մարզպետները, նույն կառավարության անդամներն այդքան ժրաջան չեն զբաղվել ոչ փախստականների հարցերով, ոչ գերիների հարցերով, ոչ մեր երկրի առջև ծառացած խնդիրներով։ Իսկ երբ հարց է լինում իշխանության պահպանման, իրենք կազմակերպվում են և ակտիվ են»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի կարծիքով երկրում կայունության մթնոլորտ ապահովելու, պառակտումներին վերջ տալու համար իշխանությունից անհապաղ պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
«Հարգելի հայրենակիցներ, այս մարդուն պետք է հեռացնենք, որ փրկենք մեր հայրենիքը։ Մեր երկրում վերջապես պետք է հաստատել կայունություն, վերջ դնել պառակտումների, վերջ տալ ստին, կեղծիքին, համախմբվել և կառուցել մեր երկիրը։ Այս ճանապարհին կա մեկ խոչընդոտ, արդեն կարող եմ ասել չարորակ ուռուցք՝ այսօրվա գերագույն գլխավոր գերագագույն դավաճանը, որին մենք այսօր միասնաբար պետք է հեռացնենք և կառուցենք մեր երազած հայրենիքը։ Այս կառավարության գործունեությունը միայն չարիք է բերում։ Այս կառավարության որոշումները հակապետական են, հակազգային և չեն բխում մեր ժողովրդի շահերից։ Ավելի լավ է՝ այդ աթոռները դատարկ մնան, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ, այդպես ավելի անվտանգ կլինի: Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում պետական համակարգից, ապա պետք է համակարգը հեռացնենք նրանից: Այլ ճանապարհ չունենք»,- ավելացրեց Սաղաթելյանը:











