ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոմեքենայից ուղիղ եթեր է մտել Սյունիք մեկնելու ճանապարհին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում, բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ հույս ունեմ դրանում կհամոզվեք, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումը ամենեւին էլ կրքեր բորբոքելու համար չէ: Ընդհակառակը, ես այս որոշումը կայացրել եմ սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի ու գնահատանքի տուրքը մատուցելու: Երկրորդը, առավել կարեւորը՝ ուղիղ ձեր աչքերին յալեով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ ի վիճակի կլինեմ դրանց պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե այսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի: Նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, մեր վերքերին աղ լցնելն է, այլ գալիս եմ ձեր աչքերին նայելու, ձեր հարցերին պատասխանելու»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին առանց այն էլ լարված այս իրավիճակում հավելյալ կրքեր չբորբոքել. «Ես գալիս եմ ձեզ հետ խոսելու եւ ձեզ հետ խոսելիս իմ հայացքը չեմ փախցնելու, որովհետեւ պարտավորություններ ունեմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ: Կփորձեմ ի ցույց դնել, որ ձեր առջեւ ունեցած իմ պարտավորությունները կատարել ու կատարում եմ լիարժեք: Ես հույս ունեմ, որ մեր խոսակցությունը տեղի կունենա, որովհետեւ այս իրավիճակը կարող ենք հաղթահարել իրար հետ: Նորից ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի տրածքից ոչ մի մմ տրածք կամ հող չի զիջվել: Սրա մասին նաեւ հույս ունեմ ձեզ հետ խոսել, խոսել բաց, խոսել նաեւ կոնֆիդենցիալ, որպեսզի խոսակցությունը լինի ամբողջական»,-ընդգծեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ Սյունիքի բնակիչների միջեւ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան, փորձում էին հասնել Սյունիքի դարպաս, որպեսզի արգելեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։
Ոստիկանությունն ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել՝ թույլ չտալով, որ քաղաքացիները հասնեն Զանգերի մոտ։
Գորիսեցիները բողոքում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարում են, մինչդեռ իրենք որեւէ ապօրինություն չեն անում. «Եթե մի պետության մեջ վարչապետն ազատ չի կարողանում տեղաշարժվի, ինչպե՞ս է կառավարելու»,- ասաց գորիսեցիներից մեկը:
Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների բախում տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչը վերաճեց քաշքշուկի։
Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ ԱԳռուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալել են։











